

Տիգրան Խզմալյան. «Ես այցելել եմ ԱՄՆ ՝ «Armenian Genocide and Patriacide»(«Հայոց Եղեռնը եւ Հայրեմազրկումը») անգլալեզու էլեկտրոնային կայքը եւ դրանում զետեղված «Stolen Century”(«Գողացված դարը») վավերագրական ֆիլմս ներկայացնելու նպատակով։
Հայոց Եղեռնի միջազգային ճանաչմանը մեծապես նպաստել էր մեզանում հաճախ մոռացվող կամ անտեսվող այն հանգամանքը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը նաեւ առաջինն էր, որի սարսափելի պատկերները լուսանկարվել էին։ Եթե 1916 թ. Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղակայված գերմանական բանակում չլիներ մի կամավոր բուժաշխատող, ով իր հետ ռազմաճակատ էր բերել լուսանկարչական սարքը եւ վավերագրում էր իր տեսածը, ապա Հայոց Եղեռնը կարող էր խորտակվել Առաջին Աշխարհամարտի այլ մոռացված աղետների ու արհավիրքների արյունոտ շարքում։ Հենց Արմին Թեոֆիլ Վեգների լուսանկարներն ու նամակներն էին ցնցել մարդկանց եւ գրավել միջազգային մամուլի, ապա նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի եւ Ազգերի Լիգայի ուշադրությունը մեր ողբերգության հանդեպ։ Այսօր ոչ ոքի պետք չէ բացատրել ու համոզել պատկերների, տեսանելի կերպարների հսկայական ազդեցության եւ ուժի վերաբերյալ։ Թերեւս Արմին Վեգների յուրահատուկ սխրանքն ու առաքելությունը հայերիս համար անգամ հիմա, մեկ դար անց մնում են գրեթե անհայտ։ Ես համոզվեցի դրանում, երբ դեռեւս 2005 թվականին նկարահանել էի նրան նվիրված «Ցեղասպանության նկարիչ» վավերագրական ֆիլմս։ «Արմին Վե՞գներ։ Ոչ, չենք լսել։ Միգուցե Վա՞գներ։ Կամ Վե՞նգեր…»
Սակայն Եղեռնի հարցում դա մեր ազգային ինքնգիտակցության միակ թերությունը չէ։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով այդ հարցը, ես եկա եզրահանգմանը, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր համազգային նպատակը նույնպես ամբողջական չէ։ Սովետական քարոզչության ջանքերով Առաջին Համաշխարհային պատերազմի ենթատեքստից եւ Հայաստանի առաջին հանրապետության ռուս-թրքական զավթումից ու բաժանումից արհեստականորեն անջատված Հայոց Եղեռնի հարցը հմտորեն շահարկվում էր տասնամյակներ շարունակ, որպեսզի միլիոնավոր անմեղ զոհերի թվաքանակի քննարկումները ստվերեն Ռուսաստանի եւ Թուրքիայի առավել մեծ հանցագործությունը մեր ազգի նկատմամբ՝ հայերի հայրենազրկումը։
Եթե հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը «Genocide» հատուկ իրավաբանական բնորոշում ստեղծեց հայոց Եղեռնը նկարագրելու համար, որը 1948 թ. ընդունվեց ՄԱԿ-ի կողմից, ապա մեր ժողովրդի հայրենազրկումը մնաց տարածքային վեճերի անպտուղ եզրույթում։ Մինչդեռ մեկ ակնհայտ օրինակն ապացուցում է նման իրավիճակի անհեթեթությունը՝ հրեա ժողովուրդը ստացավ իր ազգային պետականությունը Երկրորդ Աշխարհամարտի ընթացքում նրա դեմ կատարված Հոլոքոստից հետո, մինչդեռ հայերը Ցեղասպանության արդյունքում զրկվեցին իրենց միջազգայնորեն ճանաչված պետականությունից։ Առավել զավեշտալը է, որ 1915 թ. ապրիլի 24-ը իբրեւ Հայոց ցեղասպանության սկիզբը նշող մեր ժողովուրդն այդպես էլ չի գիտակցել եւ չի հիշատակում իր Հայրենազրկման օրը։ Իսկ օրն այդ հստակ է եւ անհերքելի՝ դա 1921 թ. մարտի 16-ն է, Հայաստանի հանրապետության զավթման եւ տրոհման ռուս-թրքական Մոսկովյան պակտի ստորագրման օրը։
2011 թվականին ես առաջարկեցի Patriacide բնորոշումը, բառացիորեն «Հայրենիքի ոչնչացում» կամ Հայրենազրկում, որպես մեր ժողովրդի եւ պետականության ռուս-թրքական համատեղ հանցանքի իրավաբանական նկարագրում եւ մեղադրանք։ Ինչու՞ է դա կարեւոր այսօր։ Արցախում հենց հիմա կատարվողը դասական Պատրիացիդ է՝ արցախահայությանը հայրենազրկելու հերթական ռուս-թրքական փորձ։ Տեսեք Մոսկվայի ցինիկ հնարքը՝ հայերին «ջարդից փրկելու» կեղծավոր պատրվակով, ռուս «խաղաղապահները» շարունակում են մեր Հայրենիքի զավթման եւ բաժանման 100-ամյա քաղաքականությունը։ Այսինքն, «գենոցիդ կանխելու» պատճառաբանությունը բերվում է պատրիացիդը՝ հայրենազրկումն արդարացնելու նպատակով։ Ահա ինչու է այդքան կարեւոր բաժանել այս երկու եզրույթներն ու բնորոշումները։ Թրքերին եւ ռսներին ե՜ւ 1920-22 թթ. , ե՜վ 2020-2022 թթ. Genocide-Եղեռնը անհրաժեշտ էր որպես միջոց՝ Patriacide-Հայրենազրկմանը հասնելու համար։ 20-րդ դարում զանգվածային սպանության նպատակն էր տարածքի զավթումը։ 21-րդ դարում նպատակը չի փոխվել, պարզապես սպանությունները համեմվում են թշնամու զանգվածային լրատվության նույնքան զանգվածային ստով, որը սպանում է մարդկանց հոգիները եւ ուղեղները։ Ստին պետք է դիմադրել ճշմարտությամբ։ Պատրիացիդի բարձրաձայնումն այսօր կենսական է հայության համար, որը, կարծես, կորցրեց հեռանկարը Ցեղասպանության ճանաչումից հետո։ Այսօր ՀՀ-ում եւ Սփյուռքում անհրաժեշտ է գիտակցել եւ աշխարհին ներկայացնել Հայոց Հայրենազրկման՝ Պատրիացիդի հիմնախնդիրը։ Դա է Արցախի պաշտպանության մեր առանցքային իրավաբանական փաստարկն այսօր։ Դա է մեր պատմական Հայրենիքի իրավունքների վաղվա գործոնը։ Հայոց Ցեղասպանությունը՝ Genocide ճանաչած աշխարհն այժմ պետք է լսի եւ ճանաչի Հայոց Հայրենազրկման՝ Patriacide մեր փաստարկն ու ապացույցը։ Այդպես է ուժի իրավունքը փոխարինվելու իրավունքի ուժով։ Հայկական Հարցի այսօրվա պատասխանն է այն, որը Եղեռնից ընդամենը երեք տարի անց տվել էր մեր ժողովուրդը՝ անկախ պետականության վերականգնումը 1918 թվականին։ Մեկ դար անց մեզ տրվում է երկրի ապագաղութացման եւ ազատագրման երրորդ հնարավորությունը։ Կորցնել այն մենք իրավունք չունենք, այլապես կորչելու ենք պատմության եւ աշխարհի երեսից։ Փրկության ճանապարհն է՝ ՀՀ միացումը քաղաքակիրթ աշխարհին, ԵՄ եւ ԱՄՆ-ին։
Մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։»